Նախաբան

 

Նախաբանի փոխարէն Անգլիախօս աշխարհում Սուրբ Ծննդեան նշումն անկատար կը լինէր առանց Չարլզ ԴիկենսիԾննդեան Երգըբարոյախրատական հեքիաթի: Տարուայ այս հատուածում այս հեքիաթը զանազան տարբերակներով կարդացւում է դպրոցներում եւ համալսարաններում, բեմադրւում թատրոններում, հեռարձակւում ռադիոյով ու հեռուստատեսութեամբ: Մենք ձեռնարկեցինք այս երկի հայերէն մշակումը եւ անվճար բաշխումը` յուսալով, որ հասարակութիւնն առհասարակ եւ մանաւանդ երիտասարդութիւնը գոնէ որոշ չափով կօգտուի այս հեքիաթի զմայլեցուցիչ պատգամից` կարդալով կամ բեմադրելով այն լեզուի եւ գրականութեան դասընթացներին:

            Հեքիաթում պատմւում է, թէ ինչպէս երեք ուրուական ոգիների այցի շնորհիւ վերափոխուեց Սքրուջ անունով մի գծուծ ծերուկ: Նա դարձաւ գթասիրտ ծանր վիճակում գտնուող մարդկանց եւ յատկապէս աղքատ երեխաների հանդէպ: Սքրուջն ստացաւ մի շատ կարեւոր դաս. նիւթական կամ քաղաքական ասպարէզում յաջողութիւնն ու հեղինակութիւնը բաւարար չեն երջանկութեան համար: Ինչպէս իր նախկին գործընկեր Մարլին էր ասում. “Գո՞րծ: Մարդկութեան բարեկեցութեան ապահովումն է եղել իմ գործը: Սէրը, ողորմածութիւնը, համբերութիւնը, բարեգործութիւնը - այս ամէնն են եղել իմ գործերը: Բայց ոչ մի բան չարեցի:

Միայն փողի մասին էի մտածում: Ամէն մարդ պէտք է հոգայ իր շրջապատի մասին:

Նրանք, ովքեր այդ չեն արել իրենց կեանքի ընթացքում, դատապարտուած են այդ անել մահուանից յետոյ: Նրանք դատապարտուած են թափառելու աշխարհով մէկ առանց հանգստի”:

            Համաձայն Աստուածաշնչի` մենք մեր եղբօր պահապանն ենք1 , եւ` “Ամբարիշտ մարդկանց համար չկայ խաղաղութիւն2 : Ինչպէս հռչակեցին հրեշտակները  1 Միթէ պահապանն իցեմ եղբօր իմոյ(Ծն. 4,9) 2 Ոչ գոյ խաղաղութիւն ամպարշտաց (Եսայի 57,21)  Քրիստոսի ծննդեան ժամանակ` 2000 տարի առաջ. “Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկրի խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն3 :

            Դիկենսն այս հեքիաթը գրել է 1840-ական թուականներին: Այդ ժամանակ Իռլանդիայում սով էր, իսկ ամբողջ աշխարհում` ծանր տնտեսական ճգնաժամ:

Դիկենսը լաւ գիտէր, թէ ինչ բան է աղքատութիւնը, եւ հասկանում էր նրա ծանր ազդեցութիւնը մարդկանց վրայ: Նա օգտագործեց իր գրչիուժը”` ընթերցողներին խթանելու դէպի իրենց կեանքի ու հասարակութեան բարեկարգումը: Գիտնականները շեշտում են այս գրքի իւրայատուկ դերը 19րդ դարի Անգլիայի եւ ԱՄՆ-ի հասարակական ու տնտեսական բարեփոխումների մէջ: Մինչեւ այսօր էլԾննդեան Երգըուշադրութիւն է հրաւիրում կեանքում առկայ տնտեսական անարդարութիւնների վրայ եւ ուսուցանում, որ բոլորս պարտաւոր ենք բարեացակամօրէն վերաբերուել այլ մարդկանց:

 

Թովմաս Սամուէլեան,

Սուրբ Ծննդեան տօների նախօրէին,

Երեւան 2002 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ 

 

ՅԱՌԱՋԱԲԱՆ 

 

Այս հոգեղէն փոքրիկ գրքում ես փորձել եմ արթնացնել ոգու մի գաղափար, որի շնորհիւ իմ ընթերցողները չեն նեղանայ ո՛չ իրենք իրենցից, ո՛չ միմեանցից, ո՛չ տօնական օրերից եւ ո՛չ էլ ինձնից: Թող այդ ոգին սիրով հաստատուի նրանց տներում, եւ ոչ ոք չցանկանայ բաժանուել նրանից:

            3 Փառք Աստծուն բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութիւն եւ հաճութիւն մարդկանց մէջ  Նրանց հաւատարիմ Ընկեր եւ Ծառայ Չ. Դ. Դեկտեմբեր, 1843թ.  Առաջին տուն Մարլիի ուրուականը  Սկսենք այն բանից, որ Մարլին մահացել էր: Դրանում կասկած չկար: Նրա թաղման վկայագիրը ստորագրել էին քահանան, գրագիրը, հուղարկաւորողը եւ գլխաւոր սգաւորը: Անձամբ Սքրուջն էր ստորագրել այն: Իսկ Սքրուջի անունը բորսայում որոշիչ դեր ունէր:

            Ծեր Մարլին մեռած էր դռան մեխի պէս: Ի դէպ, ես չեմ ուզում ասել` իբր սեփական փորձից գիտեմ, թէ դռան մեխի ինչն է յատկապէս մեռած: Անձամբ ես կ՛ասէի` դագաղի մեխը երկաթէ բոլոր իրերից ամենամեռածն է: Բայց այս խօսքում մեր նախնիների իմաստութիւնն է արտայայտուած, եւ իմ անարժան ձեռքերը չպէտք է փոխեն այն, թէ չէ երկիրը կը կործանուի: Այդ իսկ պատճառով թոյլ տուէք կրկնել, որ Մարլին մեռած էր դռան մեխի պէս:

            Սքրուջը գիտէ՞ր, որ նա մեռած է: Իհարկէ գիտէր: Ինչպէ՞ս կարող էր այլ կերպ լինել: Սքրուջն ու Մարլին չգիտեմ, թէ քանի տարուայ գործընկերներ էին:

Սքրուջը նրա միակ կտակակատարն էր, միակ հաւատարմատարը, միակ ժառանգորդը, միակ բարեկամն ու միակ սգաւորը:

            Այդուհանդերձ, Սքրուջն այդ տխուր դէպքից այնքան էլ չէր ընկճուել, ընդհակառակը, նա այդ օրն իրեն պահել էր հրաշալի գործարարի պէս եւ այն նշանաւորել յուսալի մի գործարքով:

            Մարլիի թաղման մասին յիշատակութիւնն ինձ կրկին բերեց այն մտքին, որից սկսել եմ: Կասկած չկայ, որ Մարլին մեռած էր: Սա պէտք է յստակ պատկերացնել, թէ չէ արտասովոր ոչինչ չի լինի այս պատմութեան մէջ:

            (Ղուկաս 2,13):

            Եթէ նախքան բեմադրութեան սկսուելը մենք լիովին համոզուած չլինէինք, որ Համլէտի հայրը մեռած է, ապա գիշերաժամին հուժկու քամու ներքոյ նրա զբօսանքն իր տոհմական ամրոցի պարիսպների վրայ աւելի արտառոց չէր թուայ, քան կէսգիշերին քամոտ մի վայրում, ասենք` Ս. Պօղոսի եկեղեցու բակում, անխոհեմ զբօսանքը մէկ այլ տարէց մարդու, որի նպատակն էր ապշեցնել իր որդու հիւանդ երեւակայութիւնը:

            Սքրուջը չէր ջնջել ծեր Մարլիի անունը գրասենեակի ցուցատախտակից: Մարլիի մահուանից երկար տարիներ անց էլ նրա անունը մնացել էր գրասենեակի դռան վերնամասում` “ՍՔՐՈՒՋ և ՄԱՐԼԻ”: Այդ անունով էր յայտնի հիմնարկը: Սկսնակ գործարարները Սքրուջին դիմելիս նրան անուանում էին երբեմն` Սքրուջ, երբեմն էլ` Մարլի, բայց նա երկու անուններին էլ արձագանքում էր:

            Նրա համար միեւնոյն էր:

            Ա՜յ թէ ագահ էր այդ Սքրուջը: Շորթող ու խարդախ, գծուծ ու կռուարար ծեր մեղսագործ էր նա: Նա սառն ու կարծր էր քարի պէս, եւ դեռ ոչ մէկին չէր յաջողուել խղճի կայծ հանել նրանից: Նա ծածկամիտ էր, ինքնամփոփ ու միայնակ, ինչպէս իր պատեանում թաքնուող ոստրէն: Հոգու սառնութիւնը սառեցրել էր նրա ծերունական դիմագծերը, երկարեցրել սրածայր քիթը, կնճռոտել այտերը, կաշկանդել քայլուածքը, կարմրացրել աչքերը, կապտեցրել բարակ շուրթերը, կոշտացրել ճղճղան ձայնը: Նրա գլուխը, յօնքերը և նեղ կզակն ասես սառը եղեամով էին պատած: Այդ սառնութիւնը նա միշտ իր հետ էր կրում: Նոյնիսկ ամառուայ ամենաշոգ օրերին նրա գրասենեակը սառչում էր նրա ներկայութիւնից, իսկ Ծննդեան տօներին նա մէկ աստիճանով անգամ չէր մեղմացնում այդ սառնութիւնը: Շոգն ու ցուրտը չէին մտահոգում Սքրուջին: Ո՛չ տաք եղանակն էր նրան ջերմացնում, ո՛չ էլ ձմռան ցուրտն էր նրան սառեցնում: Ո՛չ մի հողմաշունչ քամի նրա պէս դաժան չէր, ո՛չ մի տեղատարափ ձիւն նրա պէս անգութ չէր, ո՛չ մի յորդառատ անձրև նրա պէս անողոք չէր: Վատ եղանակը երբեք չէր ազդում նրա վրայ: Տեղատարափ անձրեւը, կարկուտը, ձիւնը Սքրուջի մօտ կարող էին պարծենալ մի առաւելութեամբ. նրանք յաճախ էին առատօրէն թափւում ներքեւ, իսկ Սքրուջին խորթ էր առատաձեռնութիւնը:

            Նրան երբեք չէին կանգնեցնում փողոցում` ուրախ բացականչելով. “Սքրու՜ջ, սիրելիս, ինչպէ՞ս էք, ե՞րբ էք գալու ինձ տեսութեան”: Ոչ մի մուրացկան նրանից ողորմութիւն չէր խնդրում, ոչ մի երեխայ նրան չէր հարցնում ժամը, եւ ոչ ոք նրան չէր խնդրում ցոյց տալ այս կամ այն ճանապարհը: Նոյնիսկ կոյրերին առաջնորդող շները կարծես ճանաչում էին Սքրուջին և երբ հեռուից տեսնում էին նրան, իրենց տէրերին քաշելով տանում էին դէպի բակերն ու մուտքերը և պոչը տարուբերելով` կարծես ասում էին. “Տէր իմ, լաւ է աչք չունենալ, քան չար աչք ունենալ”:

            Բայց այս ամէնն արդեօք տխրեցնու՞մ էր Սքրուջին: Այդ հէնց այն էր, ինչ նրան դուր էր գալիս: Նա իր կեանքի ուղին անցնում էր բոլորից խորշելով եւ մարդկային ամէն մի զգացում իրենից հեռու վանելով, եւ ովքեր լաւ ճանաչում էին նրան, ասում էին, թէ նրա նպատակն էլ հէնց այդ է:

            Մի անգամ` տարուայ ամենալաւ օրը` Սուրբ Ծննդեան նախօրէին, ծեր Սքրուջն աշխատում էր իր հաշուապահական գրասենեակում: Ցուրտ, քամոտ ու մառախլապատ եղանակ էր: Սքրուջը լսում էր, թէ ինչպէս են մարդիկ դրսում հազալով ետուառաջ վազում, տաքանալու համար ձեռքերով խփում կրծքին ու ոտքերով դոփում մայթին:

Քաղաքի ժամացոյցը նոր էր երեքը խփել, բայց արդէն մութ էր, ասենք` ամբողջ օրը լուսաւոր չէր էլ եղել: Հարեւան գրասենեակների լուսամուտներին վառուող մոմերի լոյսերը կարմրաւուն բծերի նման էին արտացոլւում թանձր ու մուգ օդում: Մշուշը թափանցում էր բոլոր ճեղքերի ու բանալու անցքերի միջով, եւ այդ նեղ բակում թանձր մշուշի միջից հազիւ էին երեւում նոյնիսկ հանդիպակաց տները, որոնք նմանւում էին ուրուականների: Տեսնելով, թէ ինչպէս է գորշ ամպը ծաւալւում ու ծածկում շուրջբոլորը, կարելի էր մտածել, թէ Բնութիւնն ինքն է մօտակայ մի վայրում հսկայական կաթսայով գարեջուր պատրաստում տօնակատարութեան համար:

            Սքրուջը գրասենեակի դուռը կիսաբաց էր թողնում, որպէս զի կարողանայ հետեւել իր գրագրին, որը փոքր ու մութ խցում, աւելի շուտ` ինչ¬որ բնում, գրագրութիւն էր անում:

            Սքրուջի բուխարիում թոյլ կրակ էր վառւում, իսկ գրագրի մօտ կրակն այնքան թոյլ էր, որ թւում էր` միայն մի հատիկ ածուխ է մարմրում: Բայց գրագիրը չէր կարող ածուխ աւելացնել, որովհետեւ Սքրուջը ածխով լի արկղը պահում էր իր սենեակում, և հէնց որ գրագիրը ներս էր մտնում` գոգաթիակով ածուխ տանելու, Սքրուջն յայտարարում էր, թէ ստիպուած է նրան ազատել աշխատանքից: Այդ իսկ պատճառով գրագիրը փաթաթւում էր իր սպիտակ բրդեայ շարֆի մէջ և փորձում տաքանալ մոմի կրակով, բայց որովհետեւ զուրկ էր վառ երևակայութիւնից, այդ նրան չէր յաջողւում:

            -Սուրբ Ծննդեան տօնդ շնորհաւոր, քեռի, ուրախ տօն լինի, և Աստուած քեզ պահպանի,- լսուեց մի ուրախ ձայն:

            Սքրուջի զարմիկի ձայնն էր: Նա այնքան արագ ներխուժեց սենեակ, որ Սքրուջն անակնկալի եկաւ, երբ նրան տեսաւ իր սեղանի մօտ կանգնած:

            -Վահ, այս ի՞նչ յիմարութիւն է,- ասաց Սքրուջը:

            Սքրուջի զարմիկը, սառնամանիքի եւ մշուշի մէջ արագ քայլելով, այնպէս էր տաքացել, որ թւում էր, թէ ջերմութիւն է արձակում: Այտերը կարմրել էին, աչքերը փայլում էին, և բերանից գոլորշի էր դուրս գալիս:

            -Սուրբ Ծնու՞նդն է յիմարութիւն, քեռի,- հարցրեց զարմիկը, - վստահ եմ, որ դու այդ նկատի չունէիր:

            -Ճիշտ հասկացար,- ասաց Սքրուջը,- ուրախ Սուրբ Ծնու՜նդԴու ի՞նչ իրաւունք ունես ուրախանալու, ի՞նչ առիթ ունես ուրախանալու. չէ՞ որ դու բաւական աղքատ ես:

            -Այդ դէպքում,- ուրախ պատասխանեց զարմիկը,- դու ի՞նչ իրաւունք ունես տխրելու, ի՞նչ առիթ ունես մռայլուելու. չէ՞ որ դու բաւական հարուստ ես: Սքրուջը, չունենալով աւելի լաւ պատասխան, կրկնեց իրյիմարութիւնբառը:

            -Մի՛ զայրանա, քեռի,- ասաց զարմիկը:

            -Ինչպէ՞ս չզայրանամ,- առարկեց Սքրուջը,- երբ ապրում եմ քեզ նման ապուշների աշխարհում: Ուրախ Սուրբ Ծնո՜ւնդ, ուրախ Սուրբ Ծնո՜ւնդ: Ի՞նչ է Սուրբ Ծնունդը քեզ համար, եթէ ոչ պարտքերի մարում, երբ բացարձակապէս փող չունես:

Կամ երբ ժամանակն է տարեկան հաշուեկշիռ կազմելու, իսկ դու ամիսներ շարունակ ոչ մի եկամուտ չես ունեցել: Եւ չնայած տարիքդ մեծանում է մէկ տարով, բայց մի պենս անգամ չի աւելանում գրպանումդ: Եթէ իմ կամքով լինէր,- զայրացած շարունակեց Սքրուջը,- կուզէի` ամէն մի յիմար, որնՈւրախ Սուրբ Ծնունդկանչելով այս ու այն կողմ է վազում, խաշուէր իր տօնական պուդինգի մէջ և թաղուէր` փշարմաւի ճիւղը սրտում խրուած:

            -Քեռի՜,- աղերսալի կանչեց զարմիկը:

-Զարմի՜կ,- շպրտեց քեռին,- տօնիր Սուրբ Ծնունդը քո ձևով ու թոյլ տուր, որ ես էլ իմ ձևով տօնեմ:

            -Տօնի՜ր,- կրկնեց զարմիկը, - բայց չէ՞ որ դու չես տօնում այն:

            -Ուրեմն հանգիստ թող ինձ: Քեզ ի՞նչ օգուտ է տուել Սուրբ Ծնունդը կամ ի՞նչ օգուտ կարող է այն քեզ տալ:

            -Համարձակւում եմ ասել, որ կեանքում շատ բան կայ, որից կարող էի օգտուել, բայց չեմ օգտուել,- պատասխանեց զարմիկը,- այդ թւում նաև` Ծննդեան տօնից: Եթէ անգամ մոռանանք, որ Սուրբ Ծնունդը պատւում եմ նրա անուան ու ծագման սրբութեան համար, ես Սուրբ Ծնունդը միշտ համարել եմ տարուայ լաւագոյն ժամանակը: Դա բարութեան, ներողամտութեան, գթառատութեան և ուրախութեան բերկրալի ժամանակ է: Միակ օրերը ամբողջ տարեցոյցում, երբ տղամարդն ու կինը, ասես լուռ համաձայնութեամբ, ազատօրէն բացում են իրենց փակ սրտերը, երբ ամէն մարդ իր ստորադասին վերաբերւում է` իբրեւ ընկերոջ, որը կեանքի նոյն ուղիով դանդաղ շարժւում է դէպի գերեզման, ոչ թէ իբրեւ մի այլ ցեղատեսակի, որն ստիպուած է այլ ուղիով գնալ: Դրա համար էլ, քեռի, թէեւ Ծննդեան տօներին ոսկու կամ արծաթի մի կտոր չի աւելացել իմ գրպանում, բայց ես հաւատում եմ, որ Սուրբ Ծնունդն ինձ օգուտ տուել է և միշտ կը տայ, ու թող Աստուած օրհնի Սուրբ Ծնունդը:

            Գրագիրն իր մութ անկիւնում ակամայից ծափահարեց, բայց անմիջապէս զգալով իր արարքի անպարկեշտութիւնը` նետուեց կրակը խառնելու և հանգցրեց կայծի վերջին նշոյլը:

            -Եթէ մէկ անգամ էլ ձայնդ լսեմ,- ասաց Սքրուջը գրագրին,- աշխատանքից կազատուես նախքան Սուրբ Ծնունդը: Յետոյ դառնալով զարմիկին` աւելացրեց.  - Իսկ դու, պարոն, առաջնակարգ հռետոր ես: Զարմանում եմ, թէ ինչու խորհրդարանում չես:

-Մի՛ բարկանա, քեռի: Վաղն արի մեզ մօտ ճաշելու:

            Սքրուջը զարմիկի հրաւէրքին պատասխանեց հեգնանքով և մի շարք անէծքներ թափելով` ասաց, թէ աւելի շուտ նրան անիծուած կը տեսնի, քան կայցելի նրան:

-Բայց ինչու՞,- գոչեց զարմիկը,- ինչու՞:

            -Իսկ ինչու՞ դու ամուսնացար,- հարցրեց Սքրուջը:

            -Որովհետև սիրահարուել էի:

            -Սիրահարուե՜լ էի,- փնթփնթաց Սքրուջը (կարծես դա աւելի մեծ անմտութիւն էր, քանուրախ Սուրբ Ծննունդը”),- ցտեսութիւն:

-Չէ՛, քեռի, դու մինչ այդ էլ ինձ տեսութեան չէիր գալիս: Ինչու՞ ես հիմա ամէն ինչ բարդում ամուսնութեանս վրայ:

            -Ցտեսութիւն,- ասաց Սքրուջը:

            -Բայց ես քեզնից ոչինչ չեմ ուզում և ոչինչ չեմ սպասում: Մի՞թէ չենք կարող ընկերներ լինել:

            -Ցտեսութիւն,- ասաց Սքրուջը:

            -Սրտանց ցաւում եմ, որ այդքան յամառ ես: Ախր մենք երբեք չենք վիճել և հիմա կարող էինք բարեկամներ լինել: Ինչևէ, ես փորձեցի մտերմանալ քեզ հետ Սուրբ Ծննդեան պատուին և չեմ փոխի իմ տօնական տրամադրութիւնը: Դէ, ուրախ Սուրբ Ծնունդ, քեռի:

-Ցտեսութիւն,- ասաց Սքրուջը:

            -Եւ ուրախ Նոր տարի:

            -Ցտեսութիւն,- ասաց Սքրուջը:

            Զարմիկը գրասենեակից դուրս եկաւ առանց զայրոյթի որևէ խօսքի: Նա կանգնեց դռան մօտ, որ տօնի առթիւ շնորհաւորի գրագրին, որը թէև ցրտից սառել էր, բայց Սքրուջից ջերմ գտնուեց և սիրալիր պատասխանեց նրան:

            -Եւս մի խենթ,- մրթմրթաց Սքրուջը` լսելով գրագրի պատասխանը,- նոյնիսկ իմ խղճուկ գրագիրը, որը շաբաթական տասնհինգ շիլինգ է ստանում և կին ու ընտանիք ունի, խօսում է ուրախ Սուրբ Ծննդեան մասին: Մարդ սրանցից գժանոց կը փախչի:

            Այս խենթը, ուղեկցելով Սքրուջի զարմիկին, երկու նոր այցելու էր ընդունել:

Նրանք յաղթանդամ ու բարետես պարոններ էին` ձեռքներին պահած գրքեր ու թղթեր:

Նրանք գլխարկները հանած կանգնել էին գրասենեակում և, Սքրուջին տեսնելով, գլխի շարժումով բարևեցին նրան:

            -Եթէ չեմ սխալւում, “Սքրուջ և Մարլիգրասենեակն է,- հարցրեց պարոններից մէկը` նայելով ձեռքի ցուցակին,- ու՞մ հետ պատիւ ունեմ խօսելու. պարոն Սքրուջի՞, թէ՞ պարոն Մարլիի:

            -Պարոն Մարլին արդէն եօթ տարի է, ինչ մահացել է,- պատասխանեց Սքրուջը,- ուղիղ եօթ տարի առաջ, հէնց այս օրը` Սուրբ Ծննդեան նախօրէին, նա մահացաւ:

            -Մենք չենք կասկածում, որ հանգուցեալի առատաձեռնութիւնը յատուկ է նաև իր գործընկերոջը,- ասաց պարոնը` ներկայացնելով իր փաստաթղթերը:

            Եւ նա չէր սխալւում, որովհետև այդ պատուարժան գործընկերները հոգեհարազատ էին միմեանց:

            Լսելով այդ չարաբաստիկառատաձեռնութիւնբառը` Սքրուջը խոժոռուեց և այցելուին վերադարձրեց փաստաթղթերը:

            -Տօնական այս օրերին, պարոն Սքրուջ,- շարունակեց այցելուն` գրիչ վերցնելով սեղանից,- աւելի քան երբևէ հարկ է, որ մենք օգնենք տառապեալ աղքատներին ու կարիքաւորներին: Հազարաւոր մարդիկ չեն կարող հոգալ իրենց նուազագոյն կարիքները, հարիւր հազարաւորներ զուրկ են կեանքի հասարակ պայմաններից:

            -Մի՞թէ բանտեր չկան,- հարցրեց Սքրուջը:

-Իհարկէ կան,- պատասխանեց այցելուն` գրիչը դնելով տեղը:

            -Իսկ ուղղիչ գաղութնե՞ր,- շարունակեց Սքրուջը,- դրանք դեռ գործու՞մ են:

            -Դեռ գործում ենպատասխանեց պարոնը,- բայց ուրախ կլինէի յայտնել, որ չեն գործում:

            -Ուրեմն Պատժիչ Աղացը և Աղքատների օրէնքը ուժի մէ՞ջ են:

-Երկուսն էլ ուժի մէջ են:

-Օ՜հ, իսկ ես ձեր խօսքերից սկզբում վախեցայ` կարծելով, թէ դադարեցուել է դրանց օգտակար գործունէութիւնը,- ասաց Սքրուջը,- շատ ուրախ եմ լսել այդ:

-Համոզուած լինելով, որ այդ օրէնքները և հաստատութիւնները չեն տալիս քրիստոնեայի հոգուն ու մարմնին անհրաժեշտ սնունդ,- պատասխանեց պարոնը,- մենք որոշել ենք հիմնադրամ ստեղծել` աղքատների համար մի քիչ կերակուր, խմիչք և տաք հագուստ գնելու համար: Մենք ընտրել ենք հէնց այս օրերը, որովհետև սա մի ժամանակ է, երբ Կարիքը սրւում է, իսկ Առատութիւնն ուրախութիւն է պարգևում: Ինչքա՞ն գրեմ Ձեր անուան դիմաց:

-Ոչի՛նչ,- ասաց Սքրուջը:

-Դուք ուզում էք, որ Ձեր անունը չտրուի՞:

-Ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնէք,- պատասխանեց Սքրուջը,- դուք հարցնում էք, թէ ես ինչ եմ ուզում, պատասխանում եմ` ես չեմ տօնում Սուրբ Ծնունդը և չեմ էլ ուզում անբաններին օգնել, որ Սուրբ Ծնունդ տօնեն: Ես օգնում եմ ակնարկածս հաստատութիւններին, և այդ բաւական թանկ է նստում ինձ վրայ: Ում վիճակը լաւ չէ, կարող է գնալ այդ հաստատութիւնները:

-Շատերը չեն կարող գնալ, իսկ մի մասն էլ գերադասում է մեռնել, քան գնալ այնտեղ:

-Եթէ նրանք գերադասում են մեռնել, աւելի լաւ է` անեն այդ: Դրանով կը կրճատուի բնակչութեան աւելորդ քանակը,- ասաց Սքրուջը, - եւ, վերջապէս, ես չգիտեմ այդ մասին:

-Բայց Դուք պարտաւոր էք իմանալ,- նկատեց պարոնը:

-Դա իմ գործը չէ,- հակաճառեց Սքրուջը,- ամէն մարդ պէտք է իր գործով զբաղուի և չխառնուի ուրիշի գործերին: Իսկ ես շատ զբաղուած եմ:

Ցտեսութիւն, պարոնայք:

            Տեսնելով, որ շարունակելն անօգուտ է, այցելուները հեռացան: Սքրուջն ինքն իրենից գոհ և իր համար անսովոր բարձր տրամադրութեամբ վերադարձաւ իր գործերին:

            Այդ ընթացքում մշուշն ու խաւարը այնքան էին խտացել, որ մարդիկ բոցկլտացող ջահերով վազվզում էին այս ու այն կողմ` առաջարկելով իրենց ծառայութիւնները` գնալ կառքերի առջևից ու լուսաւորել ճանապարհը:

            Եկեղեցու հինաւուրց աշտարակը, որի խռպոտ, հին զանգը գոթական պատուհանից միշտ գաղտագողի նայում էր Սքրուջին, դարձաւ անտեսանելի և սկսեց ամպերում խփել ժամերն ու քառորդները` յետևից թողնելով թրթռացող ձայներ, ասես դողդողար ցրտից: Եղանակն աւելի ցրտեց: Գլխաւոր փողոցին յարակից բակի անկիւնում մի քանի աշխատաւորներ նորոգում էին գազի խողովակները: Նրանք մեծ խարոյկ էին վառել կրակարանում, որի շուրջ հաւաքուել էին մի խումբ ցնցոտիաւոր մարդիկ: Նրանք տաքացնում էին իրենց ձեռքերը և աչքերը թարթելով` հմայուած նայում էին բոցավառուող կրակին: Մոռացութեան մատնուած ջրի ծորակից հոսող ջուրը, դանդաղ սառչելով, վերածւում էր մարդատեաց սառոյցի: Ջահերով լուսաւորուած խանութները, որտեղ ջերմութիւնից ճտճտում էին փշարմաւի ճիւղերն ու հատապտուղները, իրենց պայծառութեամբ կարմրեցնում էին անցորդների գունատ դէմքերը: Մսավաճառների և նպարավաճառների խանութներում առևտուրը վերածուել էր ճոխ հանդէսի, և անհնար էր հաւատալ, որ այդ շքեղ տեսարանը կապ ունի այնպիսի առօրէական երևոյթի հետ, ինչպիսին առևտուրն է: Լորդ քաղաքապետն իր հսկայական առանձնատանը հրամաններ էր տալիս յիսուն խոհարարներին ու սպասաւորներին` պատրաստուել Սուրբ Ծննդեան տօնին, ինչպէս վայել է քաղաքապետի տան անդամներին:

            Նոյնիսկ խղճուկ դերձակը, որին նախորդ երկուշաբթի նա տուգանել էր հինգ շիլինգ` հարբած լինելու և փողոցում կռիւ փնտրելու համար, իր ձեղնայարկում յաջորդ օրուայ պուդինգն էր խառնում, իսկ նրա նիհար կինն ու երեխան շտապում էին դուրս գալ` տաւարի միս գնելու: Մառախուղը թանձրանում էր, ցուրտը` սաստկանում:

            Մարմնի մէջ թափանցող դաժան ցուրտ էր: Եթէ սուրբ Դունստանն իր սովորական զէնքերն օգտագործելու փոխարէն այս սառնամանիքով կսմթէր սատանայի քիթը, ապա նա անկասկած կոռնար այդ ուժեղ կսմթոցից:

            Մի պատանի, որի փոքրիկ քիթը սոված սառնամանիքը կրծել ու քաշքշել էր այնպէս, ինչպէս շներն են ոսկորները կրծում, մօտեցաւ Սքրուջի գրասենեակի դռանը` փորձելով բանալու անցքից նրա համար Սուրբ Ծննդեան երգ երգել: Բայց առաջին իսկ բառերից`  Աստուած օրհնի ձեզ, ուրա՛խ պարոնայք,  Եւ ոչինչ ձեզ չվախեցնի…”, Սքրուջն այնպէս զայրացած վերցրեց քանոնը, որ երգող պատանին սարսափահար փախաւ` կողպէքի անցքը թողնելով մշուշին և Սքրուջին հոգեհարազատ սառնամանիքին:

            Վերջապէս ժամանակն էր գրասենեակը փակելու: Սքրուջը դժկամօրէն իջաւ բարձրադիր աթոռակից և խորդանոցում անհամբեր սպասող գրագրին անխօս հասկացրեց, որ կարելի է գնալ: Գրագիրն իսկոյն հանգցրեց մոմը և դրեց գլխարկը:

            -Ենթադրում եմ, որ վաղն ամբողջ օրը չէք ուզում գալ աշխատանքի,- ասաց Սքրուջը:

            -Եթէ յարմար գտնէք, պարոն:

            -Յարմար չեմ գտնում,- ասաց Սքրուջը,- այդ արդար չէ: Եթէ դրա համար ես կէս կրոն պակասեցնեմ Ձեր աշխատավարձից, Դուք Ձեզ վիրաւորուած կզգաք, ճի՞շտ է: Գրագիրը մեղմ ժպտաց:

-Բայց Դուք չէք մտածում,- շարունակեց Սքրուջը,- որ ես նոյնպէս ինձ վիրաւորուած եմ զգում, երբ չաշխատած օրուայ համար Ձեզ աշխատավարձ եմ տալիս:

Գրագիրը նկատեց, որ այդ լինում է տարին մէկ անգամ:

            -Այդ խղճուկ արդարացում է ամէն տարի դեկտեմբերի քսանհինգին մարդուն կողոպտելու համար,- ասաց Սքրուջը` վերարկուն մինչև կզակը կոճկելով, - բայց ինչպէս տեսնում եմ` ուզում էք ամբողջ օրն ազատ լինել: Ուրեմն միւս օրը վաղ առաւօտից այստեղ կլինէք: Գրագիրը խոստացաւ, որ այդպէս էլ կանի, և Սքրուջը փնթփնթալով դուրս եկաւ: Գրասենեակն ակնթարթօրէն փակուեց: Գրագիրը, որի համար վերարկուն շքեղութիւն էր, փաթաթուեց իր սպիտակ բրդեայ շարֆով և, Սուրբ Ծննդեան նախօրէի պատուին մի խումբ տղաների հետ քսան անգամ սահելով Քորնհիլից ներքև, ինչքան ուժ ունէր արագ վազեց տուն` դէպի Քամդեն Թաուն` աչքակապուկ խաղալու իր երեխաների հետ:

            Սքրուջը կերաւ իր տաղտկալի ճաշը տաղտկալի պանդոկում, որտեղ սովորաբար ճաշում էր, կարդաց բոլոր թերթերը, թերթեց իր բանկային գրքոյկը և գնաց տուն` քնելու: Նա ապրում էր մի բնակարանում, որը ժամանակին պատկանել էր իր հանգուցեալ գործընկերոջը:

            Տունը մռայլ սենեակների մի շարան էր եւ գտնւում էր իրար մօտ կառուցուած շէնքերի յետևում: Ակնյայտօրէն այն ճիշտ տեղում չէր կառուցուած, և մարդ ակամայից սկսում էր մտածել, թէ վաղ պատանեկութեան տարիներին միւս տների հետ պահմտոցի խաղալիս այն այդտեղ էր մտել և կորցրել էր ելքի ճանապարհը: Հիմա այն շատ հին ու մռայլ շէնք էր, և բացի Սքրուջից ոչ ոք չէր ապրում այնտեղ:

Միւս բնակարանները վարձով էին տրւում որպէս գրասենեակներ:

            Բակն այնքան մութ էր, որ նոյնիսկ Սքրուջը, որը գիտէր բակի իւրաքանչիւր քարը, ստիպուած էր խարխափելով անցնել: Մշուշն ու եղեամն այնպէս էին պատել տան սև, հին մուտքը, որ թւում էր, թէ Եղանակի Ոգին է իր ծանր մտորումներով նստել տան շեմին: Եւ այսպէս, ակնյայտ փաստ էր, որ դռան թակիչը իւրայատուկ ոչինչ չունէր, պարզապէս այն շատ մեծ էր: Ակնյայտ փաստ էր նաև այն հանգամանքը, որ Սքրուջն այդ տանը բնակուելու օրուանից ամէն առաւօտ ու երեկոյ տեսնում էր այդ թակիչը: Կասկածի ենթակայ չէր ևս մի հանգամանք. Սքրուջը բնաւ օժտուած չէր երևակայութեամբ, ինչպէս և Լոնդոն Սիթիի ցանկացած բնակիչ, բացառութիւն չէին անգամ (և սա համարձակ է ասուած) քաղաքային խորհրդականները, մեծահարուստներն ու գիլդիայի անդամները:

            Չպէտք է մոռանալ նաև, որ Սքրուջը, կէսօրին մէկ անգամ յիշելով Մարլիին, այլևս երբեք չմտաբերեց եօթ տարի առաջ վախճանուած իր գործընկերոջը:

            Դէ հիմա թող որևէ մէկն ինձ բացատրի, եթէ կարող է, թէ ինչպէ՞ս պատահեց, որ Սքրուջը բանալին կողպէքի մէջ մտցրեց թէ չէ, իր առջև տեսաւ ոչ թէ թակիչը, որն ի դէպ ոչ մի փոփոխութեան չէր ենթարկուել, այլ տեսաւ Մարլիի դէմքը:

            Մարլիի դէմքը: Այն ընկղմուած չէր