I

 

 

 

Առյուծ-Մըհերը, զարմով դյուցազուն,

 

Քառասուն տարի իշխում էր Սասուն.

 

Իշխում էր ահեղ, ու նըրա օրով

 

Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով.

 

Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու

 

Թընդում էր նըրա հըռչակն ահարկու,

 

Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր,

 

Հազար բերան էրմի Առյուծ-Մըհեր:

 

 

 

 

 

 

 

II

 

 

 

Էսպես, ահավոր առյուծի նըման,

 

Սասմա սարերում նըստած էր իշխան

 

Քառասուն տարի: Քառասուն տարում

 

«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.

 

Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,

 

Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ:

 

Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.

 

  Հասել են կյանքիս աշնան օրերը,

 

Շուտով սեւ հողին կերթամ ես գերի,

 

Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,

 

Կանցնեն ե՛ւ անուն, ե՛ւ սարսափ, ե՛ւ ահ,

 

Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա

 

Ոտի կկանգնեն հազար քաջ ու դեւ ...

 

Մի ժառանգ չունեմ` իմ անցման ետեւ

 

Իմ թուրը կապի, Սասուն պահպանի ...

 

    Ու միտք էր անում հըսկան ծերունի:

 

 

 

 

 

III                                                                 

 

 

 

Մի օր էլ` էն գորշ հոնքերը կիտած

 

Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ

 

Մի հուր - հըրեղեն հայտնվեց քաջին,

 

Ոտները ամպոտ կանգնեց առաջին:

 

 

 

    Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.

 

Քու ձենը հասավ Աստըծու գահին,

 

Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա:

 

Բայց լավ իմանաս, լեռների՛ արքա,

 

Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,

 

Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ:

 

 

 

    Իր կամքը լինի, ասավ Մըհերը.

 

Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,

 

Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,

 

Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք:

 

 

 

    Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,

 

Ու էս երջանիկ ավետման օրից

 

Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,

 

Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ:

 

Դավիթ անվանեց իրեն կորյունին,

 

Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,

 

Երկիրն ու որդին ավանդեց նըրան,

 

Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան:

 

 

 

 

 

 

  IV

 

* *

 

Էս դարում Մըսըր անհաղթ ու հըզոր

 

Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր:

 

Հենց որ իմացավ` էլ Մըհեր չըկա,

 

Վեր կացավ կըռվով Սասունի վըրա:

 

Ձենով Օհանը ահից սարսափած`

 

Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,

 

Աղաչանք արավ, ընկավ ոտները.

 

 

 

    Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,

 

Ու քու շըվաքում քանի որ  մենք կանք,

 

Քու  ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,

 

Միայն մեր երկիր քարուքանդ չանես

 

Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես:

 

 

 

    Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով

 

Անց պիտի կենաս իմ թըրի տակով,

 

 

 

 

 

Որ Էգուց - էլօր, ինչ էլ որ անեմ,

 

Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ:

 

 

 

Ու գընաց Օհան` բոլոր-բովանդակ

 

Սասունը բերավ, քաշեց թըրի տակ.

 

Մենակ Դավիթը, ինչ արին- չարին,

 

Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին:

 

Եկան քաշեցին` թե զոռով տանեն,

 

Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,

 

Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,

 

Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ:

 

 

 

    Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,

 

Ասավ թագավորն իրեն մեծերին:

 

 

 

    Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,

 

Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.

 

Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,

 

Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա:

 

 

 

    Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,

 

Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,

 

Էս օրը վըկա,

 

Սըրանից կըգա:

 

 

 

 

 

 

 

 

  V

 

* *

 

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան

 

Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.

 

Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,

 

Որ նըրա համար թե մարդ, –  թե մըժեղ:

 

Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,

 

Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա:

 

 

 

Ձենով Օհանին ուներ մի չար կին:

 

Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին

 

Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.

 

    Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,

 

Ի՜նչ ես ուրիշի եթիմը բերել,

 

Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր...

 

Հո՜ղեմ գըլուխըես գերի հո չե՞մ`

 

Ամենքի քեֆի ետեւից թըռչեմ

 

Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,

 

Գընա, իր համար աշխատանք անի

 

      Ու հետն սկըսավ ողբալ ու կոծել,

 

Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,

 

Թե անբախտ եղավ աշխարքի միջում,

 

Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում

 

    Գընաց Օհանը երեխի ոտի

 

Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,

 

Երկաթի մի կոռ շալակին դըրած,

 

Ու արավ Սասմա քաղքի գառնարած:

 

 

 

 

 

 

 

 

  VI

 

 

 

 

 

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,

 

Ելավ Սասունի սարերն աննըման.

 

 

 

      «Է՜յ ջան, սարե՛ր,

 

        Սասման սարե՜ր…»

 

 

 

Որ կանչեց, նըրա ձենից ահավոր

 

Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,

 

Վայրի գազաններ բըներից փախան,

 

Քարեքար ընկան, դատարկուն եղան:

 

Դավիթը ընկավ նըրանց ետեւից,

 

Որին մի սարից, որին մի ձորից

 

Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,

 

Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,

 

Իրիկվան քշեց ողջ Սասմա քաղաք:

 

Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ

 

Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան`

 

Գալիս են հըրես անհամար գազան.

 

          «Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»

 

            Մեծեր, երեխեք

 

            Սըրտաճաք եղած,

 

            Գործները թողած,

 

 

 

Որը  տուն ընկավ, որը ժամ, խանութ,

 

Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ:

 

Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.

 

 

 

    Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.

 

    Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,

 

    Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.

 

    Ով մինն ուներտասն եմ բերել,

 

    Ով տասն ուներքըսանն արել

 

    Շուտով ելե՛ք, եկե՜ք տարե՜ք,

 

    Ձեր գառն ու ուլ գոմերն արեք:

 

 

 

Տեսավ` չեն գալի, դուռ չեն բաց անում,

 

Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,

 

Գըլուխը դըրավ մի քարի` մընաց,

 

Ու մուշ-մուշ քընեց մինչեւ լուսաբաց:

 

Լուսին իշխաններ ելան միասին,

 

Գընացին Ձենով Օհանին ասին.

 

    Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,

 

Էս խենթը բերիր, արիր գառնարած,

 

Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,

 

Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,

 

Աստված կըսիրես` դիր ուրիշ բանի,

 

Թե չէ էս խալխի՛ն լեղաճաք կանի:

 

 

 

 

 

 

 

 

  VII

 

 

 

 

 

      Ելավ Օհանը, Դավթի մոտ գընաց.

 

    Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,

 

 

    Ուլեր կըփախչեն:  Մին էլ էնտեղից

 

Մի բոզ նապաստակ, ականջները ցից,

 

 

 

Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ:

 

Դավիթն էր. ելավ, ետեւից ընկած

 

Էն սարը քըշեց, ետ բերավ էս ձոր,

 

Բերավ, ուլերին խառնեց նորից նոր:

 

    Օ՜ֆ, ինչ դըժար է, հորեղբայր Օհան.

 

Աստված օխնել է էն սեւ-սեւ ուլեր,

 

Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,

 

Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.

 

Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,

 

Մինչեւ հավաքել ու տուն եմ բերե՜լ

 

      Նայեց Օհանը, որ Դավթի հագին

 

Ոտնաման չի էլ մնացել կարգին,

 

Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,

 

Մի օրվա միջում Էնքան է վազել:

 

 

 

    Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,

 

Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.

 

Էգուց նախիրը կըտանես արոտ:

 

      Ասավ Օհանը ու մյուս առավոտ

 

Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի

 

Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի.

 

Երկաթի մի կոռ հարյուր լըդրական

 

Ու շինեց Սասմա քաղքի նախրապան

 

* *

 

* *

 

* *

 

VIII

 

 

 

 

 

      Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,

 

Ելավ Սասունի սարերն աննըման:

 

 

 

             «Է՜յ ջան, սարե՛ր,

 

              Սասման սարե՛ր,

 

              Ի՜նչ անուշ է

 

              Ձեր լանջն ի վեր…»

 

 

 

Որ կանչեց, նըրա ձենից ահավոր

 

Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր:

 

 

 

Վայրի գազաններ բըներից փախան,

 

Քարեքար ընկան, դատարկուն եղան:

 

Դավիթն էր. ընկավ նրանց ետեւից,

 

Որին մի սարից, որին մի ձորից,

 

Գել, ինձ, առյուծ, առջ, վագըր բըռնեց,

 

Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց

 

Ու առաջն արավ դեպ Սասմա քաղաք:

 

Ոռնո՜ց մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ..,

 

Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,

 

Հենց քաղքի վըրա անհամար գազան

 

 

 

             «Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»

 

              Մեծեր, երեխեք

 

              Սըրտաճաք եղած,

 

              Գործները թողած

 

 

 

Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,

 

Ամուր փակեցին դուռ կամ լուսամուտ:

 

Դավիթը եկավ կանգնեց մեյդանում,

 

 

 

    Վա՜հ, էս քաղքցիք ի՜նչ վաղ են քընում:

 

Հե՜յ կովատեր, հեյ գոմշատեր,

 

Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,

 

Ով մինն ուներտասն եմ բերել,

 

Ով տասն ուներքըսանն արել:

 

Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,

 

     Ձեր եզն ու կով գոմերն արեք:

 

 

 

Տեսավ` չեն գալի, դուռ չեն բաց անում,

 

Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,

 

Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,

 

Ու մուշ-մուշ քընեց մինչեւ լուսաբաց:

 

Լուսին իշխաններ ելան միասին,

 

Գընացին Ձենով Օհանին ասին.

 

   Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,

 

Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,

 

 

 

 

 

Միայն սրանից ազատ արա մեզ:

 

Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,          

 

Մի օր  էս քաղքին փորձանք կըբերի,

 

Արջերոց կանի, կըտա կավերի:

 

 

 

 

 

 

 

 

  IX

 

 

 

      Դավիթ   չըդառավ, մի կըրա՜կ դառավ:

 

 

      Ճարը կըտըրված` Օհանը բերավ

 

 Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն`

 

 Գընա, որս անի սարերի վըրեն:

 

 Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,

 

 Հեռացավ Սասմա քաղքի սահմանից

 

 Ու  դառավ որսկան: Գնաց, մի կորկում

 

 Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,

 

 Մըթանը գընում իրեն հոր ծանոթ

 

 Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,

 

Վիշապի նըման, երկա՜ր, ահա՜գին

 

 Մեկնըվում,  քընում կըրակի կողքին:

 

 Մի օր էլ, երբ որ իր  որսից դարձավ,

 

 Պառավը վըրեն սաստիկ բարկացավ.

 

   Վա՜յ Դավիթ, ասավ,  մահըս տանի քեզ,

 

 Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս:

 

 Ձեռից   ու  ոտից ընկած մի ծեր կին

 

 Ես եմ ու  են արտն աստըծու տակին,

 

 Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,

 

 Իմ ամբողջ տարվան  ապրուստը կըտրում:

 

 Թե որսկան ես  դունետ-աղեղըդ ա՛ռ,

 

 Ծըծմակա  գըլխից մինչեւ Սեղանսար

 

 Քու  հերը ձեռքին մի աշխարհ ուներ,

 

 Որսով մեջը լի որսի սար ուներ.

 

 Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.

 

 Կարո՞ղ եսգընա, էնտեղ որս արա:

 

 

 

    Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.

 

Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում:

 

Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի

 

    Գընա՛, հորեղբայրդՕհանը կասի:

 

 

 

 

          X

 

 

 

 

          Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին

 

Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին:

 

 

 

    Հորեղբա՛յր Օհան, ինչու չես ասել`

 

Իմ հերը որսի սար է ունեցել,

 

Այծյամ  կա  էնտեղ, եղջերու, կըխտար.

 

Վեր կաց, հորեղբա՛յր, տար  ինձ որսասար:

 

 

 

    Վայ, կանչեց Օհան,  էդ քու խոսքը չէր,

 

Էդ  ով  քեզ ասավ, լեզուն պապանձվեր:

 

Էն սարը, որդի՛, գընաց մեր ձեռից, 

 

Էն սարի որսն էլ գընաց էն սարից,

 

Էլ չկան  այծյամ, եղջերու, կըխտար:

 

Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,

 

(Է՜յ գիդի  օրերո՜րտեղ եք կորել),

 

Ես շատ եմ  էնտեղ որսի  միս կերել

 

Քու հերը մեռավ, աստված խըռովեց,

 

Մըսրա թագավոր  զորքեր  ժողովեց,

 

Եկավ, մեր երկիր քարուքանդ  արավ,

 

Էս սարի  որսն էլ թալանեց, տարավ.

 

Եղնիկը գընաց, եղջերուն գընաց

 

Մեր գիրն էլ հալբաթ էդպես էր գրած:

 

Անցել է, որդի, քու բանին գընա,

 

Մըսրա թագավոր ձենըդ կիմանա

 

 

 

    Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի  որ

 

Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.

 

Մըսրա թագավոր թող  Մըսըր կենա ,

 

Իմ հոր սարերում ի՞նչ  գործ ունի նա

 

Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ,

 

Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար:

 

 

 

      Ելավ Օհանը ճարը կըտըրված,

 

Գընացին տեսան` էլ ի՜նչ որսասար.

 

Անտառը  ջարդած, պարիսպն ավերած,

 

Բուրգերը արած գետնին հավասար

 

 

 

 

            XI

 

* *

 

* *

 

Գիշերը հասավ, մընացին էնտեղ:

 

Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ

 

Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց:

 

Դավիթը մընաց մըտքի  ծովն ընկած:

 

Մին  էլ նկատեց, որ մութը հեռվում

 

Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում:

 

Էն լուսը բըռնած`

 

Վեր կացավ, գընաց,

 

Գընաց  ու գընա՜ց, բարձրացավ մի սար,

 

Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար

 

Կիսից պատըռված,

 

Ու միջից վառված

 

Բըխում է լուսը պա՜րզ, քուլա -քուլա՜,

 

Բարձրանում, իջնում   ետ քարի վըրա:

 

Վար իջավ Դավիթ  Էնտեղից կըրկին,

 

Վար   իջավ, կանչեց Ձենով Օհանին.

 

 

 

    Ե՛լ, հորեղբա՛յր, քանի՞ քընես,

 

Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես:

 

Լուս է իջել բարձըր սարին,

 

Բարձըր սարին, մարմար քարին:

 

Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.

 

էն ի՞նչ լուս է  բըխում քարից:

 

 

 

    Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.

 

    Է՜յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,

 

Էն մեր Մարութա սարն է  զորավոր:

 

Էն լուսի տեղը կանգնած էր մի օր

 

Սասմա ապավեն,  Սասմա պահապան

 

Մեր Սուրբ Տիրամոր վանքը Չարխափան:

 

Մըշտական,  երբ   որ կըռիվ էր գընում,

 

Էնտեղ էր  քու հերն  իր  աղոթքն անում:

 

Քու հերը մեռավ, աստված խըռովեց,

 

Մըսրա  թագավոր  զորքեր  ժողովեց,

 

Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,

 

Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում ...

 

 

 

XII

 

 

 

      Դավիթը էս էլ երբ որ իմացավ,

 

   Անո՛ւշ  հորեղբայր, հորեղբա՛յր, ասավ,

 

Որբ եմ ու անտեր աշխարքի  վըրա,

 

Հեր չունեմ` դու ինձ հերություն արա՛:

 

Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,

 

Մինչեւ չըշինեմ մեր վանքը նորից:

 

Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,

 

Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,

 

Որ գան` էս շաբաթ կանգնեն ու բանեն,

 

Առաջվան կարգով մեր վանքը շինեն:

 

 

 

    Գընաց Օհանը ու բերավ իր հետ

 

Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ:

 

Վարպետ  ու բանվոր  եկան կանգնեցին,

 

Չըրը՛խկ   հա  թըրը՛խկ նորից շինեցին,

 

Առաջվան  կարգով, փառքով  փառավոր

 

Բարձըր Մարութա  վանքը Տիրամոր:

 

Ցըրված միաբանք  ետ նորից եկան,

 

Նորից թընդացին աղոթք,  շարական.

 

Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,

 

Ցած    իջավ Դավիթ Մարութա սարից:

 

 

 

 

 

XIII

 

* *

 

    Համբավը տարան Մըսրա Մելիքին.

 

  Հապա՜   չես   ասիլ`  Դավիթը կրկին

 

Հոր վանքը շինել, իշխան է դառել,

 

Դու օխտը տարվան  խարջը չես առել:

 

    

 

    Մելիք զայրացավ.

 

    Գընացե՛ք,  ասավ,

 

Բադին, Կոզբադին,

 

Սյուդին, Չարխադին,

 

Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,

 

Իմ օխտը տարվան խարաջը բերեք:

 

Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,

 

Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,

 

Քառսունն էլ երկար, որ ուղտեր բառնան,

 

Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան:

 

 

 

Ու Կոզբադին  առավ զորքեր.

 

    Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ  տեր.

 

Գընամ հիմի քանդեմ Սասուն,

 

Կանայք բերեմ քառսուն-քառսուն,

 

Քառսուն բեռնով դեղին ոսկի,

 

Տեղը  ջընջեմ  հայոց ազգի:

 

 

 

Ասավ, Մըսրա աղջիկ ու կին

 

Պար բըռնեցին  ու  երգեցին.

 

    Մեր Կոզբադին գընաց Սասուն,

 

Կանայք բերի  քառսուն-քառսուն, 

 

Քառսուն բեռնով ոսկի բերի,

 

Մեր ճակատին շարան շարի,

 

Կարմիր կովեր բերի կըթան`

 

Գարնան շինենք եղ ու  չորթան:

 

Ջա՛ն Կոզբադին, ջան Կոզբադին,

 

Սասմա Դավթին զարկեց գետին:

 

 

 

Ու Կոզբադին փըքված, ուռած,

 

    Շնորհակալ եմ, քույրե՛ր, գոռաց,

 

Մինչեւ գալըս դեռ համբերեք,

 

Էն  ժամանակ պիտի պարեք...

 

 

 

 

 

 

 

XIV

 

* *

 

*             *Էսպես երգով,

 

             Զոռով-զորքով

 

Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.

 

Օհան լըսեց` կապվեց լեզուն:

 

              Աղ ու հացով,

 

              Լաց ու թացով

 

              Առաջն ելավ, 

 

              Խընդիրք  արավ.

 

          Ինչ որ կուզես` առ, տա՛ր, ամա՜ն.

 

Վարդ աղջիկներ, կանայք Սասման,

 

Դառը դադած դեղին ոսկին,

 

Միայն  թե  գըթա մեր  խեղճ ազգին,

 

Մի՛ կոտորիր, մի՛ տար  մահու,

 

Վերեւ`  աստված, ներքեւը` դու...

 

      Ասավ, բերավ շարան-շարան

 

Վարդ  աղջիկներ, կանայք  Սասման:

 

Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,

 

Մարագն արավ, դուռը փակեց,

 

Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,

 

Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,

 

Քառսուն էլ երկար, որ  ուղտեր բառնան,

 

Մըսրա Մելիքին ղարավաշ   դառնան:

 

Դեզ-դեզ կիտեց  դեղին ոսկին.

 

Սեւ սուգ կալավ հայոց ազգին:

 

 

 

 

 

XV

 

 

 

      Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,

 

Քարը  պատըռվի - դո՛ւրս արի մեյդան:

 

    Քանդած հոր վանքը որ շինեց նորից,

 

Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,

 

Ժանգոտած,  անկոթ մի շեղբիկ գըտավ,

 

Գընաց ` պառավի շաղգամը մըտավ:

 

Պառավն էր.  եկավ` անե՜ծք,  աղաղա՜կ.

 

    Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ

 

Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,

 

Քու  աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.

 

Կորեկըս արիր  գետնին հավասար,

 

Էս էր   մընացել   ձըմեռվան պաշար,

 

Էս էլ կըտրում ես,  

 

էլ ո՞նց ապրեմ ես:

 

Թե կըտրիճ  ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,

 

Քու հոր աշխարքին տիրություն արա՛,

 

Քու հոր գանձը կե՛ր,

 

Թողել  ես անտեր,

 

Մըսրա թագավոր ղըրկել է` տանի:

 

 

 

 

 

 

 

    Էլ ի՞նչ ես վըրես բարկանում, նանի՛,

 

Էդ ի՞նչ  ես ասում, ես չեմ հասկանում,

 

Մըսրա  թագավոր մեր ի՞նչն  է  տանում:

 

 

 

   Մըսրա  թագավոր մեր ի՜նչն է   տանում...

 

Մըսրա թագավոր քու  աչքն է հանում,

 

Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն,

 

Եկել են Սասմա քաղաքի վըրեն

 

Բադին, Կոզբադին,

 

Սյուդին, Չարխադին,

 

Թալան են տալի բովանդակ  Սասուն.

 

Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,

 

Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,

 

Քառսուն կարճ կընիկ, որ  երկանք աղան,

 

Քառսուն էլ երկար,  որ ուղտեր բառնան,

 

Մըսրա  Մելիքին ղարավաշ դառնան:

 

 

 

    Ի՞նչ  ես, ա՛յ  պառավ, էլ ինձ անիծում.

 

Ցույց տուր մի տեսնեմո՞րտեղ են ուզում:

 

 

 

    Ո՜րտեղ են ուզո՜ւմ... Մահըս տանի  քե՜զ.

 

Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս...  

 

Եկել ես` էստեղ շաղգամ ես լափում...

 

Ոսկին  Կոզբադին ձեր տանն է չափում,

 

Աղջիկներ  փըլեկ մարագն են լըցրած:

 

    Շաղգամը թողեց Դավիթն ու գընաց:

 

Տեսավ` Կոզբադին իրենց տան միջին,

 

Չափում է ոսկին`  թեղած առաջին,

 

Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,

 

Ձենով Օհանն էլ շըլինքը  ծըռել,

 

Կանգնել է հեռու, ձեռները ծոցին:

 

 

 

Տեսավ,  աչքերը արնով լըցվեցին:

 

    Վե՛ր  կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,

 

Իմ հոր ոսկին էես եմ չափելու:

 

 

 

    Կոզբադին ասավ.  Է՜յ, Ձենով  Օհան,

 

Կըտաստո՛ւր խարջը էս օխտը տարվան,

 

Թե չէ` կըգնամ,  միրուքըս վըկա,

 

 

 

Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա,

 

Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,

 

Տեղը կըվարի, բոստան կըցանի:

 

 

 

    Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա  շըներ,

 

Բա   չ՞եք իմացել դուք Սասմա ծըռեր...

 

Մեռա՞ծ եք կարծում  դուք մեզ, թե՞ շըվաք,

 

Կուզեք  մեր  երկիր դընեք խարջի տա՜կ...

 

 

 

      Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,

 

Տըվավ Կոզբադնի գըլուխը   ջարդեց,

 

Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,

 

Մինչեւ օրս էլ դեռ գընում է  թըռած:

 

Ու ելան`  թափած ոսկին  թողեցին,

 

Հայոց աշխարքից փախան գընացին

 

Բադին, Կոզբադին,

 

Սյուդին, Չարխադին:

 

 

 

 

 

 

 

XVI

 

* *

 

* *

 

    Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ.

 

Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,

 

Դու արել ես ինձ  քաղաքի ծառան,

 

Դու թողել ես ինձ օտարի դըռան...

 

 

 

      Հորեղբայրն ասավ. – Ա՛յ  խենթ, խելագար,

 

Ոսկին պահել եմ Մելիքի  համար,

 

Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա:

 

Չըտըվիր, հիմի որ  զորք  առնի` գա,

 

Սասմա քար ու հող  հեղեղի, տանի,

 

Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի:

 

 

 

    Դու  կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ,

 

Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կըտամ:

 

    Ու մութ մարագի դըռանը զարկեց,

 

Փակած աղջիկներ  հանեց, արձակեց:

 

    Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք, 

 

Սասունցի Դավթին  արեւ խընդրեցեք:

 

 

 

XVII

 

 

 

      Էսպես  ջարդված, արյունլըվա

 

Փախան, ընկան հողը Մըսրա

 

Բադին,  Կոզբադին,

 

Սյուդին, Չարխադին:

 

Մըսրա կանայք հեռվից տեսան,

 

Հեռվից տեսան, ուրախացան

 

Ու ծափ տըվին կըտերներին.

 

    Եկա՜ն,  եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն...

 

Մեր Կոզբադին գնաց Սասուն,

 

Կանայք բերավ քառսուն-քառսուն,

 

Կարմիր կովեր բերավ կըթան`

 

Գարնան շինենք եղ ու չորթան...

 

Հենց մոտեցան, նըկատեցին,

 

Ծափ ու խընդում ընդհատեցին,

 

Քըրքըջացին ու կանչեցին.

 

    Է՜յ, Կոզբադին մեծաբերան,

 

Էդ  ո՞րտեղից լերան-լերան,

 

Լերան-լերան կըգաս  փախած,

 

Հաստ գըլուխըդ կիսից ճըղած:

 

Էն  դո՞ւ  չասիր` գընամ  Սասուն,

 

Կանայք բերեմ քառսուն-քառսուն,

 

Քառսուն բեռնով  ոսկի հանեմ,

 

Հայոց  երկիր ավեր անեմ:

 

Գացիր Սասուն քանց գել  գազան,

 

Ետ ես գալի  քանց շուն վազան ...

 

    Ու Կոզբադին խիստ  բարկացավ.

 

    Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ.

 

Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ,

 

Դուք չեք տեսել Սասմա ծըռեր:

 

Սասմա ծըռեր լերան-լերան,

 

Նետեր ունեն մի-մի գերան.

 

Սասմա երկիր քար ու կապան,

 

Դըժար սարեր,  ձոր ու ծապան.

 

Նըրանց խոտերինչպես կեռ թուր,

 

Զորք  ջարդեցին երեք հարյուր...

 

    Ասավ ու էլ չառավ դադար,

 

Վըռազ-վըռազ, գըլխապատառ

 

Վազեց իրեն թագավորին:

 

Խընդաց թագվորն իր աթոռին:

 

    Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին,

 

Արժե` կախեմ ես քու ճըտին

 

Մեր ղուզղունի մեծ նըշանը

 

Պարգեւ քու մեծ հաղթությանը:

 

Ո՞ւր են, հապա առաջըս բեր

 

Սասմա ոսկին ու աղջիկներ:

 

    Ասավ Մելիք, ու Կոզբադին

 

Գըլուխ տըվավ մինչեւ գետին.

 

    Ապրա՜ծ կենաս, մեծ թագվոր,

 

Զոռով փախա ես ձիավոր,

 

Ո՞նց բերեի Սասմա ոսկին:

 

Մի  խենթ ծընվեց հայոց ազգին,

 

Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ,

 

Գըլուխս  Էսպես  տըվավ ջարդեց.

 

«Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին,

 

Չեմ տալ կանայք իմ հայ ազգին,

 

Սասմա  երկիր ձեզ տեղ չըկա...

 

Քու  թագավոր, ասավ, թո՛ղ  գա,

 

Թող գա` ինձ հետ կըռիվ անի,

 

Թե  ղոչաղ է` զոռով տանի»:

 

    Կատաղեց, փըրփրեց Մըսրա թագավոր.

 

    Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր.

 

Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,

 

Հազար հազար մարդ անբեղ, անմորուք.

 

Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,

 

Հազար հազար մարդ նոր թախտից ելած,

 

Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,

 

Հազար հազար մարդ սպիտակ ալեւոր,

 

Հազար հազար մարդ, որ փողեր հընչեն.

 

Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն...

 

Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ,

 

Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա,

 

               Սասունն ավերեմ,

 

          Հեղեղեմ, բերեմ:

 

 

 

XVIII

 

 

 

Էսպես անհամար զորքեր հավաքեց,

 

Եկավ Սասմա դաշտ, բանակը  զարկեց

 

Ու ծանըր  նըստեց Մըսրա թագավոր:

 

Էնքան ահագին բազմությունն էն օր

 

Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,

 

Ով եկավ, խըմեցգետը ցամաքեց.

 

Սասմա քաղաքում մընացին  ծարավ:

 

Ձենով Օհանին զարմանքը տարավ:

 

Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.

 

Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ:

 

Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,

 

Ասես` էն գիշեր ձըմեռը  եկել,

 

Սպիտակ ձյունով պատել   էր Սասուն:

 

Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն,

 

Հարա՜յ կանչելով` փախավ տուն ընկավ.

 

    Վա՜յ, փախե՜ք,  եկա՜վ... հա՜յ, հարա՜յ, եկավ...

 

    Ի՞նչը, հորեղբա՛յր, ի՞նչը, ի՞նչն եկավ...

 

    Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ:

 

Մըսրա թագավոր ելել է, եկել,

 

Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.

 

Թիվ կա աստղերին,  թիվ չկա զորքին...

 

Վա՜յ մեր արեւին, վա՜յ մեր աշխարքին...

 

Ե՜կ, ոսկին տանենք,  աղջիկներ  տանենք,

 

Չոքենք առաջին, պաղատանք անենք,

 

Գուցե  թե  գըթա,

 

Մեզ սըրի չըտա...

 

    Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր.

 

Գընա՛, քու օդում դու հանգիստ քընիր.

 

Հիմի ես կելնեմ, Սասմա դաշտ կերթամ,

 

Մըսրա -Մելիքին պատասխան կըտամ:

 

      Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին.   

 

   Նանի ջա՛ն,