֊֊I
Առիւծ-Մըհերը, զարմով դիւցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հաւքն էլ չէր անցնում Սասմայ սարերով.
Սասմայ սարերից շա՜տ ու շատ հեռու
Թընդում էր նըրա հըռչակն ահարկու,
Խօսւում էր իր փառքն, արարքն անվեհեր,
Հազար բերան էր – մի Առիւծ-Մըհեր:
II
Էսպէս, ահաւոր առիւծի նըման,
Սասմայ սարերում նըստած էր իշխան
Քառասուն տարի: Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկաւ ծերացաւ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցաւ:
Սկըսաւ մըտածել դիւցազուն ծերը.
– Հասել են կեանքիս աշնան օրերը,
Շուտով սեւ հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պէս փառքը Մըհերի,
Կանցնեն ե՛ւ անուն, ե՛ւ սարսափ, ե՛ւ ահ,
Իմ անտէր ու որբ աշխարքի վըրայ
Ոտի կը կանգնեն հազար քաջ ու դեւ ...
Մի ժառանգ չունեմ իմ անցման ետեւ
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի ...
Ու միտք էր անում հըսկան ծերունի:
III
Մի օր էլ` էն գորշ յօնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից յանկարծ
Մի հուր – հըրեղէն յայտնուեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին:
– Ողջո՜յն մեծազօր Սասմայ հըսկային.
Քու ձէնը հասաւ Աստըծու գահին,
Ու շուտով Նա քեզ մի զաւակ կը տայ:
Բայց լաւ իմանաս, լեռների՛ արքայ,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըւել,
Էն օր կը մեռնէք քու կինն էլ, դու էլ:
– Իր կամքը լինի, ասաւ Մըհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կը մընանք:
Հըրեշտակն էստեղ ցոլացաւ նորից,
Ու էս երջանիկ աւետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցաւ,
Առիւծ-Մըհերը զաւակ ունեցաւ:
Դաւիթ անուանեց իրեն կորիւնին,
Կանչեց իր ախպեր Ձէնով Օհանին,
Երկիրն ու որդին աւանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան:
IV
* *
Էս դարում Մըսըր անյաղթ ու հըզօր
Մըսրայ-Մելիքն էր նըստած թագաւոր:
Հէնց որ իմացաւ` էլ Մըհեր չըկայ,
Վեր կացաւ կըռուով Սասունի վըրայ:
Ձէնով Օհանը ահից սարսափած`
Թըշնամու առաջն ելաւ գըլխաբաց,
Աղաչանք արաւ, ընկաւ ոտները.
– Դու եղիր, ասաւ, մեր գլխի տէրը,
Ու քու շուաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես:
– Չէ՛, ասաւ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ Էգուց – էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դէմ:
Ու գընաց Օհան` բոլոր-բովանդակ
Սասունը բերաւ, քաշեց թըրի տակ.
Մենակ Դաւիթը, ինչ արին, չարին,
Մօտ չեկաւ դուշման Մելիքի թըրին:
Եկան քաշեցին` թէ զոռով տանեն,
Թափ տուաւ, մարդկանց գըցեց դէս ու դէն,
Փոքրիկ ճըկոյթը մի քարի առաւ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռաւ:
– Պէտք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասաւ թագաւորն իրեն մեծերին:
– Թագաւո՛ր, ասին, դու էսքան հըզօր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պէտք է անի քեզ մի երեխայ,
Թէկուզ իր տեղով հէնց կըրակ դառնայ:
– Դո՛ւք գիտէք, ասաւ, Մըսրայ թագաւոր,
Բայց թէ իմ գըլխին փորձանք գայ մի օր,
Էս օրը վըկայ,
Սըրանից կը գայ:
V
* *
Էս որ պատահեց, մեր Դաւիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ եօթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թէ՛ մարդ, թէ՛ մըժեղ:
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրայ,
Թէկուզ Առիւծի կորիւն լինի նա:
Ձէնով Օհանին ունէր մի չար կին:
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսաւ կըռուել.
– Ես մենակ հոգի, հազար ցաւի տէր,
Ի՜նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր...
Հո՜ղեմ գըլուխը … ես գերի հո չե՞մ`
Ամէնքի քէֆի ետեւից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա՛, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկըսաւ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թէ անբախտ եղաւ աշխարքի միջում,
Ոչ մի տէր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զոյգ ոտնաման բերաւ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արաւ Սասմայ քաղքի գառնարած:
VI
Քըշեց գառները մեր հովիւ հըսկան,
Ելաւ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց, նըրա ձէնից ահաւոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկաւ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարէքար ընկան, դատարկուն եղան:
Դաւիթը ընկաւ նըրանց ետեւից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Աղուես, նապաստակ, գէլ, եղնիկ բըռնեց,
Հաւաքեց, բերաւ, գառներին խառնեց,
Իրիկուան քշեց ողջ Սասմայ քաղաք:
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք յանկարծ մին էլ էն տեսան`
Գալիս են հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախէ՜ք…»
Մեծեր, երեխէք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկաւ, որը` ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ:
Դաւիթը եկաւ, կանգնեց մեյդանում.
– Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հէ՜յ ուլատէր, հէ՛յ գառնատէր,
Ելէ՛ք, շուտով բացէք դըռներ.
Ով մինն ունէր – տասն եմ բերել,
Ով տասն ունէր – քըսանն արել…
Շուտով ելէ՛ք, եկէ՜ք տարէ՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արէք:
Տեսաւ` չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըւեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրաւ մի քարի ` մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչեւ լուսաբաց:
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձէնով Օհանին ասին.
– Տո՛ Ձէնով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ո՛չ գառն է ջոկում, ո՛չ` գէլն ու աղուէս,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպէս,
Աստուած կը սիրես` դիր ուրիշ բանի,
Թէ չէ էս խալխին լեղաճաք կանի:
VII
Ելաւ Օհանը, Դաւթի մօտ գընաց.
– Հօրեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կը փախչեն: – Մին էլ էնտեղից
Մի բոզ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծաւ յանկարծ:
Դաւիթն էր. ելաւ, ետեւից ընկած
Էն սարը քըշեց, ետ բերաւ էս ձոր,
Բերաւ, ուլերին խառնեց նորից նոր:
– Օ՜ֆ, ինչ դժուար է, հօրեղբայր Օհան.
Աստուած օխնել է էն սեւ-սեւ ուլեր,
Ամայ բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրւում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երէկ վազել, չարչարուե՜լ,
Մինչեւ հաւաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դաւթի հագին
Ոտնաման չի էլ մնացել կարգին,
Մահակն էլ մաշուել, մինչ բուռն է հասել,
Մի օրուայ միջում Էնքան է վազել:
– Դաւի՛թ ջան, ասաւ, չեմ թողնի էսպէս,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կը տանես արօտ:
Ասաւ Օհանը ու միւս առաւօտ
Գընաց, նորից նոր մեր Դաւթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերաւ երկաթի.
Երկաթի մի կոռ հարիւր լըդրական
Ու շինեց Սասմայ քաղքի նախրապան:
* *
* *
* *
VIII
Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելաւ Սասունի սարերն աննըման:
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձէնից ահաւոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկաւ սար ու ձոր:
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարէքար ընկան, դատարկուն եղան:
Դաւիթն էր ընկաւ նրանց ետեւից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գէլ, ինձ, առիւծ, արջ, վագըր բըռնեց,
Հաւաքեց, բերաւ, իր նախրին խառնեց
Ու առաջն արաւ դէպ Սասմայ քաղաք:
Ոռնո՜ց, մըռընչի՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ..,
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հէնց քաղքի վըրայ անհամար գազան…
«Վա՜յ, հարա՜յ, փախէ՜ք…»
Մեծեր, երեխէք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռ կամ լուսամուտ:
Դաւիթը եկաւ կանգնեց մեյդանում,
– Վա՜հ, էս քաղքցիք ի՜նչ վաղ են քընում:
Հէ՜յ կովատէր, հէյ գոմշատէր,
Ելէ՛ք, շուտով բացէք դըռներ,
Ով մինն ունէր – տասն եմ բերել,
Ով տասն ունէր – քըսանն արել:
Շուտով ելէ՜ք, եկէ՜ք, տարէ՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արէք:
Տեսաւ` չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնուեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրաւ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչեւ լուսաբաց:
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձէնով Օհանին ասին.
– Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպէր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտէր,
Միայն սրանից ազատ արա մեզ:
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմէշն ու եզ,
Մի օր էս քաղքին փորձանք կը բերի,
Արջերոց կանի, կը տայ կաւերի:
IX
Դաւիթ չըդառաւ, մի կըրա՜կ դառաւ:
Ճարը կըտըրուած` Օհանը բերաւ
Նետ-աղեղ շինեց ու տըւաւ իրեն`
Գընա, որս անի սարերի վըրեն:
Դաւիթ նետ-աղեղն առաւ Օհանից,
Հեռացաւ Սասմայ քաղքի սահմանից
Ու դառաւ որսկան: Գնաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հօր ծանօթ
Աղքատ, անորդի մի ծեր կնկայ մօտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահա՜գին
Մեկնըւում, քընում կըրակի կողքին:
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձաւ,
Պառաւը վըրէն սաստիկ բարկացաւ.
– Վա՜յ Դաւիթ, ասաւ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պէտք է էն հօր զաւակը լինե՜ս:
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին –
Ես եմ ու էն արտն Աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարուան ապրուստը կըտրում:
Թէ որսկան ես դու – նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակայ գըլխից մինչեւ Սեղանսար
Քու հէրը ձեռքին մի աշխարհ ունէր,
Որսով մէջը լի որսի սար ունէր.
Եղնիկ կայ էնտեղ, այծեամ ու պախրայ.
Կարո՞ղ ես – գընա՛, էնտե՛ղ որս արա:
– Ի՞նչ ես, ա՛յ պառաւ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում:
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
– Գընա՛, հօրեղբայրդ – Օհանը կասի:
X
Հօրեղբօր շէմքում միւս օրը ծէգին
Դաւիթը կանգնեց աղեղը ձեռքին:
– Հօրեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել`
Իմ հէրը որսի սար է ունեցել,
Այծեամ կայ էնտեղ, եղջերու, կըխտար.
Վե՜ր կաց, հօրեղբա՛յր, տար ինձ որսասար:
– Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խօսքը չէր,
Էդ ով քեզ ասաւ, լեզուն պապանձուեր:
Էն սարը, որդի՛, գընաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գընաց էն սարից,
Էլ չկան այծեամ, եղջերու, կըխտար:
Քանի լուսեղէն քու հէրը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր – ո՜րտեղ էք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հէրը մեռաւ, Աստուած խըռովեց,
Մըսրայ թագաւոր զօրքեր ժողովեց,
Եկաւ, մեր երկիր քարուքանդ արաւ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարաւ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց …
Մեր գիրն էլ հալբաթ էդպէս էր գրած:
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրայ թագաւոր ձենըդ կիմանայ…
– Մըսրայ թագաւոր ինձ ի՞նչ կ՛անի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրայ թագաւոր.
Մըսրայ թագաւոր թող Մըսըր կենայ,
Իմ հօր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հօրեղբա՛յր, նետ-աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար:
Ելաւ Օհանը ճարը կըտըրուած,
Գընացին տեսան` էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն աւերած,
Բուրգերը արած գետնին հաւասար…
XI
* *
* *
Գիշերը հասաւ, մընացին էնտեղ:
Ձէնով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրաւ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց:
Դաւիթը մընաց մըտքի ծովն ընկած:
Մին էլ նկատեց, որ մութը հեռւում
Մի թէժ, փայլփլուն կըրակ է վառւում:
Էն լուսը բըռնած`
Վեր կացաւ, գընաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացաւ մի սար,
Բարձրացաւ, տեսաւ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռուած,
Ու միջից վառուած
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա՜յ –քուլա՜յ,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրայ:
Վար իջաւ Դաւիթ Էնտեղից կըրկին,
Վար իջաւ, կանչեց Ձէնով Օհանին.
– Ե՛լ, հօրեղբա՛յր, քանի՞ քընես,
Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես:
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին:
Ե՛լ, հօրեղբայր, անուշ քընից.
էն ի՞նչ լուս է բըխում քարից:
Ելաւ, խաչ քաշեց Օհանն երեսին.
– Է՜յ, որդի՛, ասաւ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութայ սարն է զօրաւոր:
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմայ ապաւէն, Սասմայ պահապան
Մեր Սուրբ Տիրամօր վանքը Չարխափան:
Մըշտական, երբ որ կըռիւ էր գընում,
Էնտեղ էր քու հէրն իր աղօթքն անում:
Քու հէրը մեռաւ, Աստուած խըռովեց,
Մըսրայ թագաւոր զօրքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկաւ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լոյս է բարձրանում ...
XII
Դաւիթը էս էլ երբ որ իմացաւ,
– Անո՛ւշ հօրեղբայր, հօրեղբա՛յր, ասաւ,
Որբ եմ ու անտէր աշխարքի վըրայ,
Հէր չունեմ` դու ինձ հէրութիւն արա՛:
Էլ չեմ իջնի ես Մարութայ սարից,
Մինչեւ չըշինեմ մեր վանքը նորից:
Քեզանից կուզեմ հինգ հարիւր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան` էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջուան կարգով մեր վանքը շինեն:
Գընաց Օհանը ու բերաւ իր հետ
Հինգ հազար բանուոր, հինգ հարիւր վարպետ:
Վարպետ ու բանուոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջուան կարգով, փառքով փառաւոր
Բարձըր Մարութայ վանքը Տիրամոր:
Ցըրուած միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղօթք, շարական.
Ու երբ շէն արաւ հօր վանքը նորից,
Ցած իջաւԴաւիթ Մարութայ սարից:
XIII
* *
Համբաւը տարան Մըսրայ Մելիքին.
– Հապա՜ չես ասիլ` Դաւիթը կրկին
Հօր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարուան խարջը չես առել:
Մելիք զայրացաւ.
– Գընացէ՛ք, ասաւ,
Բադին, Կոզբադին,
Սիւդին, Չարխադին,
Սասմայ քար ու հող տակն ու վեր արէք,
Իմ օխտը տարուան խարաջը բերէք:
Քառսուն կոյս աղջիկ բերէք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարաւաշ դառնան:
Ու Կոզբադին առաւ զօրքեր.
– Գըլխի՛ս վըրայ, ասաւ, իմ տէր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի:
Ասաւ. Մըսրայ աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
– Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան`
Գարնան շինենք եղ ու չորթան:
Ջա՛ն Կոզբադին, ջան Կոզբադին,
Սասմայ Դաւթին զարկեց գետին:
Ու Կոզբադին փըքուած, ուռած,
– Շնորհակալ եմ, քոյրե՛ր, գոռաց,
Մինչեւ գալըս դեռ համբերէք,
Էն ժամանակ պիտի պարէք®
XIV
* *
* *Էսպէս երգով,
Զոռով-զօրքով
Գոռ Կոզբադին մըտաւ Սասուն.
Օհան լըսեց` կապուեց լեզուն:
Աղ ու հացով,
Լաց ու թացով
Առաջն ելաւ,
Խընդիրք արաւ.
– Ինչ որ կուզես` ա՛ռ, տա՛ր, ամա՜ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառը դադած դեղին ոսկին,
Միայն թէ գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,
Վերեւ` աստուած, ներքեւը` դու®
Ասաւ, բերաւ, շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արաւ, դուռը փակեց,
Քառսուն կոյս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրայ Մելիքին ղարաւաշ դառնան:
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.
Սեւ սուգ կալաւ հայոց ազգին:
XV
Հե՜յ, ո՞ւր ես, Դաւի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռուի – դուրս արի մեյդան:
Քանդած հօր վանքը որ շինեց նորից,
Ցած իջաւ Դաւիթ Մարութայ սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտաւ,
Գընաց` պառաւի շաղգամը մըտաւ:
Պառաւն էր. եկաւ` անէ՜ծք, աղաղա՜կ.
– Վա՜յ, խելա՛ռ Դաւիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցաւ ուտես, ասաւ,
Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսաւ.
Կորեկըս արիր գետնին հաւասար,
Էս էր մընացել ձըմեռուան պաշար,
Էս էլ կըտրում ես,
էլ ո՞նց ապրեմ ես:
Թէ կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ, գընա՛,
Քու հօր աշխարքին տիրութիւն արա՛,
Քու հօր գանձը կե՛ր,
Թողել ես անտէր,
Մըսրայ թագաւոր ղըրկել է` տանի:
- Էլ ի՞նչ ես վըրես բարկանում, նանի՛,
Էդ ի՞նչ ես ասում, ես չեմ հասկանում,
Մըսրայ թագաւոր մեր ի՞նչն է տանում:
Մըսրայ թագաւոր մեր ի՜նչն է տանում®
Մըսրայ թագաւոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դաւիթ. ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմայ քաղաքի վըրէն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալի բովանդակ Սասուն.
Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կոյս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կնիկ, որ երկանք աղան,
Քառսունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրայ Մելիքին ղարաւաշ դառնան:
– Ի՞նչ ես, ա՛յ պառաւ, էլ ինձ անիծում.
Ցոյց տուր մի տեսնեմ – ո՞րտեղ են ուզում:
– Ո՜րտեղ են ուզո՜ւմ... Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պէտք է էն հօր զաւակը լինե՜ս...
Եկել ես` էստեղ շաղգամ ես լափում...
Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած:
Շաղգամը թողեց Դաւիթն ու գընաց:
Տեսաւ` Կոզբադին իրենց տան միջին,
Չափում է ոսկին` թեղած առաջին,
Սիւդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձէնով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին:
Տեսաւ, աչքերը արնով լըցուեցին:
– Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,
Իմ հօր ոսկին է – ես եմ չափելու:
– Կոզբադին ասաւ. – Է՜յ, Ձէնով Օհան,
Կը տաս – տո՛ւր խարջը էս օխտը տարուան,
Թէ չէ` կը գնամ, միրուքըս վըկայ,
Մըսրայ-Մելիքին կը պատմեմ, կը գայ,
Ձեր Սասմայ երկիր քար ու քանդ կ՛անի,
Տեղը կը վարի, բոստան կը ցանի:
– Կորէ՛ք, անզգամ դուք Մըսրայ շըներ,
Բա չ՞էք իմացել դուք Սասմայ ծըռեր...
Մեռա՞ծ էք կարծում դուք մեզ, թէ՞ շուաք,
Կ՞ուզէք մեր երկիր դընէք խարջի տա՜կ...
Բարկացաւ Դաւիթ, չափը շըպըրտեց,
Տըւաւ Կոզբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցաւ, գընաց,
Մինչեւ օրս էլ դեռ գընում է թըռած:
Ու ելան` թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սիւդին, Չարխադին:
XVI
* *
* *
– Վա՜յ, վա՜յ, հօրեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ.
Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դէզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան...
Հօրեղբայրն ասաւ. – Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրայ:
Չըտուիր, հիմի որ զօրք առնի` գայ,
Սասմայ քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դէմը կերթայ, ո՞վ կըռիւ կանի:
– Դու կա՛ց, հօրեղբա՛յր, թող գայ, ե՛ս կերթամ,
Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կը տամ:
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց:
– Գընացէ՛ք, ասաւ, ազատ ապրեցէ՛ք,
Սասունցի Դաւթին արեւ խընդրեցէք:
XVII
Էսպէս ջարդուած, արիւնլուայ
Փախան, ընկան հողը Մըսրայ
Բադին, Կոզբադին,
Սիւդին, Չարխադին:
Մըսրայ կանայք հեռուից տեսան,
Հեռուից տեսան, ուրախացան
Ու ծափ տուին կըտերներին.
– Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն...
Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերաւ քառսուն-քառսուն,
Կարմիր կովեր բերաւ կըթան`
Գարնան շինենք եղ ու չորթան...
Հէնց մօտեցան, նըկատեցին,
Ծափ ու խընդում ընդհատեցին,
Քըրքըջացին ու կանչեցին.
– Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ ո՞րտեղից լերան-լերան,
Լերան-լերան կը գաս փախած,
Հաստ գըլուխըդ կիսից ճըղած:
Էն դո՞ւ չասիր` գընամ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
Հայոց երկիր աւեր անեմ:
Գացիր Սասուն քանց գէլ գազան,
Ետ ես գալի քանց շուն վազան ...
Ու Կոզբադին խիստ բարկացաւ.
– Սո՛ւս կացէք դուք, լըրբե՛ր, ասաւ.
Ձեր մարդիկն էք տեսել դուք դեռ,
Դուք չէք տեսել Սասմայ ծըռեր:
Սասմայ ծըռեր լերան-լերան,
Նետեր ունեն մի-մի գերան.
Սասմայ երկիր քար ու կապան,
Դըժար սարեր, ձոր ու ծապան.
Նըրանց խոտեր – ինչպէս կեռ թուր,
Զօրք ջարդեցին երեք հարիւր...
Ասաւ ու էլ չառաւ դադար,
Վըռազ-վըռազ, գըլխապատառ
Վազեց իրեն թագաւորին:
Խընդաց թագուորն իր աթոռին:
– Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին,
Արժէ` կախեմ ես քու ճըտին
Մեր ղուզղունի մեծ նըշանը –
Պարգեւ քու մեծ յաղթութեանը:
Ո՞ւր են, հապա առաջըս բեր
Սասմայ ոսկին ու աղջիկներ:
Ասաւ Մելիք, ու Կոզբադին
Գըլուխ տըւաւ մինչեւ գետին.
– Ապրա՜ծ կենաս, մեծ թագուոր,
Զոռով փախայ ես ձիաւոր,
Ո՞նց բերէի Սասմայ ոսկին:
Մի խենթ ծընուեց հայոց ազգին,
Ոչ ահ գիտի, ոչ տէր ու մեծ,
Գըլուխս Էսպէս տըւաւ ջարդեց.
«Չե՛մ տալ, ասաւ, իմ հօր ոսկին,
Չեմ տալ կանայք իմ հայ ազգին,
Սասմայ երկիր ձեզ տեղ չըկայ...
Քու թագաւոր, ասաւ, թո՛ղ գայ,
Թող գա ինձ հետ կըռիւ անի,
Թէ ղոչաղ է` զոռով տանի»:
Կատաղեց, փըրփրեց Մըսրայ թագաւոր.
– Կանչեցէ՜ք, ասաւ, իմ զօրքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմօրուք.
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,
Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքաւոր,
Հազար հազար մարդ սպիտակ ալեւոր,
Հազար հազար մարդ, որ փողեր հընչեն.
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն...
Կանչեցէ՜ք, թող գան, հագնեն զէ՜նք, զըրա՜հ,
Կըռիւ տի գընամ ես Դաւթի վըրայ,
Սասունն աւերեմ,
Հեղեղեմ, բերեմ:
XVIII
Էսպէս անհամար զօրքեր հաւաքեց,
Եկաւ Սասմայ դաշտ, բանակը զարկեց
Ու ծանըր նըստեց Մըսրայ թագաւոր:
Էնքան ահագին բազմութիւնն էն օր
Բաթմանայ ջըրին եկաւ ու չոքեց,
Ով եկաւ, խըմեց – գետը ցամաքեց.
Սասմայ քաղաքում մընացին ծարաւ:
Ձէնով Օհանին զարմանքը տարաւ:
Քուրքը ուսն առաւ, սարը բարձրացաւ.
Սարը բարձրացաւ, տեսաւ, ի՜նչ տեսաւ:
Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,
Ասես` էն գիշեր ձըմեռը եկել,
Սպիտակ ձիւնով պատել էր Սասուն:
Լեղին ջուր կտրեց, կապ ընկաւ լեզուն,
Հարա՜յ կանչելով` փախաւ տուն ընկաւ.
– Վա՜յ, փախէ՜ք, եկա՜ւ... հա՜յ, հարա՜յ, եկաւ...
– Ի՞նչը, հօրեղբա՛յր, ի՞նչը, ի՞նչն եկաւ...
– Ցաւն ու կըրա՜կը Դաւթի պինչն եկաւ:
Մըսրայ թագաւոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիւ կայ աստղերին, թիւ չկայ զօրքին...
Վա՜յ մեր արեւին, վա՜յ մեր աշխարքին...
Ե՛կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցէ թէ գըթայ,
Մեզ սըրի չըտայ...
– Դու կա՛ց, հօրեղբայր, դու դարդ մի՛ անիր.
Գընա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կ՛ելնեմ, Սասմայ դաշտ կ՛երթամ,
Մըսրայ-Մելիքին պատասխան կը տամ:
Ու գընաց Դաւիթ ծանօթ պառաւին.
– Նանի ջա՛ն, ասաւ, ժանգոտած ու հին
Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր,
Ինչ ունես չունես, հաւաքի՛ր, ինձ տուր,
Մի էշ էլ գըտիր, որ վըրէն նըստեմ,
Կըռիւ տի գընամ Մըսրայ զօրքի դէմ:
– Վա՜յ, Դաւի՛թ, ասաւ, մահս տանի քեզ.
Դո՞ւ պէտք է էն հօր զաւակը լինե՜ս...
Քու հէրն ունէր կըռուի համար
Հըրեղէն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափէն, կուռ սաղաւարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կէծակին,
Դու եկել ես, ա՛յ խենթ ու ծուռ,
Ինձնից կ՛ուզես էշ ու շամփո՜ւր...
– Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ:
Ո՜ւր են հիմի իմ հօր զէնքեր:
– Հօրեղբօրըդ գընա հարցուր.
Ո՞ւր են, ասա, հ