ՅԱՌԱՋԱԲԱՆ
“Դաւիթ” եբրայերէն նշանակում է “սիրելի”: Սասունցի Դաւիթը Հին Կտակարանի Դաւթի նման, որը սպանեց Գողիաթին, նոյնպէս սիրուած ազգային հերոս է` մի համարձակ եւ
ինքնավստահ երիտասարդ, որը Աստծու կամքով պաշտպանել է իր հայրենիքը տիտանական հարստահարիչի դէմ անհաւասար մենամարտում:
Այստեղ ներկայացուած “Սասունցի Դաւիթը” Յովհաննէս Թումանեանի կողմից էպոսի երրորդ ճիւղի հիանալի յանգաւորուած մշակումն է: Էպոսը ընդգրկում է Սասնայ տան չորս սերնդի պատմութիւն: Սասունը օտարների տիրոյթներով շրջապատուած լեռնային տարածք է Հայկական բարձրաւանդակում` Վանայ լճի եւ
Արարատ լեռան արեւմուտքում, որը յայտնի է իր քաջարի ժողովրդով եւ
նրա անսասան ոգով: Էպոսը ձեւաւորուել է 10-րդ դարում` հիմնուելով դարաւոր բանաւոր աւանդոյթների վրայ: Առաջին անգամ էպոսի հատուածները գրի են
առնուել
պորտուգալական ճանապարհորդների կողմից 16-րդ դարում: Իսկ լրիւ էպոսը առաջին անգամ գրի է առնուել Գ. Սրուանձտեանցի կողմից 1873 թուականին: Ամբողջ էպոսը մեծածաւալ երկ է, որն ընդգրկում է միջնադարեան վիպասացների պատումները, որոնք թեթեւացնում էին լեռնային հովիւների ձմեռային միայնակ, երկար, ձանձրալի օրերը:
Էպոսը սկսւում է երկու եղբայրների` Սանասարի եւ
Բաղդասարի պատմութեամբ, որոնց որոշ գիտնականներ նոյնացնում են
Ասորեստանի թագաւոր Սենեքերիմի որդիներ Ադրամելէքի եւ
Սարասարի հետ (4 Թագ. 19:37, Ես. 37:38): Մովսէս Խորենացին` Հայոց պատմահայրը (II, 5,7, III, 55), գտնում էր,
որ Հայաստանի Արծրունեաց տոհմը, որը իշխում էր
Վասպուրականը եւ
նրա շուրջպարը (Վանայ լճից մինչեւ Ուրմիայ լիճը), սերում է Սանասարից: Արծրունեաց տոհմը հասնում է իր բարձունքին 908-ից 1021 թուականներին: Հայկական աւանդութեան համաձայն` երկու եղբայրները հաստատուել են
Սիմ լեռան մօտ, որը ոմանք ընդունում են
որպէս Սասնայ լեռ: Զոյգ եղբայրները հայկական էպոսում հանդէս են
գալիս որպէս հայոց արքայադուստր Ծովինարի որդիներ: Ծովինարին Խալիֆը Հայաստանից գերի է տանում Բաղդատ, երբ հայկական որոշ գաւառներ գտնւում էին արաբական իշխանութեան տակ (7-9-րդ դարերում): Խալիֆը որոշում է սպանել եղբայրներին, բայց չի
հասցնում իրագործել իր
որոշումը. եղբայրները փախչում են
Հայաստան: Այստեղ նրանք սպանում են
վիշապներին, կառուցում են
քաղաքներ, վերականգնում են
իրենց երկրի բարեկեցութիւնը եւ
վերադառնում են
Բաղդատ` իրենց մօրը ազատելու համար:
“Սասունցի Դաւիթ” էպոսում մուսուլմանները (որ
էպոսի այս տարբերակում նոյնացւում են
Մըսրին կամ Եգիպտոսին) եւ
նրանց առաջնորդը (որ
վերագրւում է Մելիք թագաւորին) կարող էին փոխարինուել ասորիներով, եւ
երկու հազար տարուայ պատմութիւնը կարող էր
խտացուել մէկ նախադասութեան մէջ: Բայց հիւսիս-հարաւ աշխարհաքաղաքական շարժումները Հայաստանի եւ
Միջագէտքի միջեւ պահպանուել են
ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ եւ
արմատաւորուել հայ բանաւոր աւանդոյթներում:
Յաջորդ ճիւղը Դաւթի հօր` Առիւծ Մհերի պատմութիւնն է, որն ազնուահոգի, խորագէտ, արդար եւ
անձնազոհ հայր-թագաւորի նկարագիրն է: Մօտենալով ծերունազարդ տարիքին` առանց ժառանգի, նա
իմաստութեամբ ընդունեց իր
սերնդի անցողիկութիւնը` որպէս նուիրատւութիւն յաջորդ սերնդին: Ինչպէս ասւում է հոգեհանգստեան պաշտօնի ընթերցուածքը. “Եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն ինքը հատիկ կմնայ, իսկ եթէ մեռնի` բազում արդիւնք կտայ” (Յովհ. 12:24): Առիւծ Մհերը կերպաւորում է բնութեան ուժ եւ
ուղղամտութիւն, որ
պտղաբերեց իր
որդուն` Դաւթին, որը մեծացել է որպէս “որբ, առանց խնամակալ”:
Սասունցի Դաւթի պատմութիւնը համահունչ է ոչ միայն Հին Կտակարանի Դաւթի
պատմութեանը, այլեւ Հայկի եւ Ասորեստանի Բէլի ճակատամարտի պատմութեանը: Հայկը
հայկական Օրիոնն
է (Յոբ 9:9), հայերի
պաշտած աղեղնաւոր-պահապան-նախահայրը:
Նրա աստուածացումը
որոշ գիտնականներ
նոյնացնում են
յունական դիցաբանութեան Պրոմեթեւսի հետ: Մովսէս Խորենացու պատմութեան մէջ Հայկի տիտանական ճակատամարտը Բէլի հետ հանդիսանում է հայ ժողովրդի ձեւաւորման պատմութեան գլխաւոր դրուագներից մէկը: Հայկը վայելչակազմ, բարեհաճ տղամարդ էր`
գանգուր
մազերով,
կայծկլտուն աչքերով եւ
ուժեղ բազուկներով: Նա
յաղթանդամ էր,
հզօր նետաձիգ եւ
անվախ ռազմիկ: Հայկը եւ
իր ժողովուրդը, սկսած իրենց նախահայրերի` Նոյի եւ
Յաբեթի ժամանակից, ապրում էին Արարատ լեռան շրջակայքում (որտեղից էլ
գալիս է Արարատից ներքեւ ընկած շրջանի անունը` Նախիջեւան, մի
տեղ, ուր իջել է Նոյը): Հարաւային մասում իշխում էր
մի չարամիտ հսկայ` Բէլը: Նա
փորձում
էր իր բռնատիրութեանը ենթարկել Հայկի ժողովրդին: Բայց վեհապանծ Հայկը հրաժարուեց ենթարկուել Բէլին: Մեծ ճակատամարտերից յետոյ Հայկը ազատեց իր
ժողովրդին եւ
իր հայրենիքում ազատութիւն վերահաստատեց: Այս հիւսիս-հարաւային պայքարը դարձաւ կրկնուող թեմայ Հայաստանի պատմութեան մէջ. այն կրկնուեց 750-850 թուականներին Անիի Բագրատունեաց թագաւորութեան եւ
իրենց արաբ տիրակալների միջեւ: Որոշ գիտնականների համոզմամբ, մէկ դար յետոյ Դաւիթ Բագրատունին ներկայանում է որպէս Սասունցի Դաւիթ` անվախ եւ
ազատատենչ երիտասարդ, իսկ Յովնան Բագրատունին` որպէս ստրկամիտ Ձէնով Օհան:
Էպոսը չի
կարող ամփոփուել մէկ խօսքով կամ մէկ տեսակէտով: Իւրաքանչիւր ընթերցող եւ
ունկնդիր տարբեր ձեւով է վերաբերւում այս կամ այն անձնաւորութեանը եւ
իրադարձութեանը: Չնայած Սասունցի Դաւթի կերպարը` նրա ազնւութիւնը, անվախութիւնը, ուժը եւ
պարզամտութիւնը, առանձնայատուկ նշանակութիւն ունի հայերի համար, բայց այն սիրելի է բոլոր ժողովուրդներին:
Վերջապէս մի
խօսք թարգմանութեան վերաբերեալ: Սասունցի Դաւթի անգլերէն այլ թարգմանութիւններ եւս կան, նրանց թուին նաեւ այս երկի թումանեանական մշակման արձակ թարգմանութիւնը: Եւ
այսպէս, ինչո՞ւ յատկապէս այս թարգմանութիւնը: Որովհետեւ միւս անգլերէն թարգմանութիւններում չի
փորձուել ընդօրինակել Թումանեանի յանգն ու
չափը, մի խօսքով, այն երաժշտութիւնը, որ
ընթերցողին գրաւում եւ
տանում է առաջ այս հիասքանչ երկում` տողից տող եւ
տնից տուն:
Թովմաս Սամուէլեան
Երեւան, օգոստոս, 2000